Վահան Արծրունուն ԱԱԾ են կանչել եւ արգելափակել են ֆեյսբուքյան էջը

vahԱԱԾ-ից Գրիգոր ներկայացած մեկը երեկ զանգահարել էր երաժիշտ Վահան Արծրունուն եւ հրավիրել նրան ԱԱԾ՝ զրույցի: Իսկ զրույցից հետո երաժշտի ֆեյսբուքյան գրառումը եւ առհասարակ նրա ֆեյսբուքյան էջը ընկերների համար արգելափակվել է: Aravot.am-ի հետ զրույցում Վահան Արծրունին պատմեց, թե ինչքան անհանգստացած է այդ դեպքով. «Ինչի՞ն է միտված այդ մթնոլորտը ստեղծելը, այսինքն՝ մարդկանց անհանգստացնելու, հրավիրելու եւ նման հարցեր տալու միտումը ո՞րն է, նպատակը ո՞րն է, հիվանդագին աժիոտաժի եւ վախի մթնոլորտ ստեղծե՞լն է: 37 թի՞վն է, սա ի՞նչ է»: Վահան Արծրունին ասաց, որ ֆեյսբուքյան էջում տեղադրել է մշակույթի նախարարության, մտավորականների ֆոտոշարքը՝ նախագահի հետ հանդիպումից եւ գրառում արել. «Հետաքրքիր երկու հանդիպման իրողություն՝ նույն օրվա ընթացքում, երբ այսպես ասած լեգիտիմացրած մտավորականության հետ նախագահը հանդիպում է Արցախում, իսկ ինձ հրավիրում են զրույցի ԱԱԾ եւ զրույցի բնույթն ինձ համար մինչեւ հիմա պարզ չի»: ԱԱԾ-ում երաժշտին իր համար բոլորովին անհասկանալի 4 հարց են ուղղել. «Գրիգոր ներկայացած այդ անձը խնդրեց հանդիպում, ասաց հասցեն՝ Ամիրյան փողոց եւ շենքի ներսում՝ իր կաբինետում տեղի ունեցավ հանդիպումը: Առաջին հարցն այն մասին էր, թե «Հիմնադիր խորհրդարանի» հետ կապ ունեմ, թե ոչ, երկրորդ հարցը՝ Խորենացի փողոցում եղել եմ հայտնի դեպքերի ժամանակ, թե ոչ, երրորդ հարցը իմ եկամուտների մասին էր, ինչ եկամուտներ ունեմ, 4-րդ հարցը՝ արդյո՞ք ես այդ հասցեում եմ բնակվում, ում հետ եմ բնակվում, ընտանիքի անդամները»: Երբ հետաքրքրվեցինք՝ չէի՞ք հարցնում՝ դա ձեր ինչի՞ն է պետք, ինչո՞ւ եք նման հարցեր տալիս՝ Վահան Արծրունին պատասխանեց. «Չէ, առաջին հարցը, որ տվեցի այդտեղ հայտնվելով՝ արդյո՞ք իմ ներկայությունը այս կաբինետում Սահմանադրության խախտում չի, որի պատասխանը եղավ այն, որ մենք ընդամենը ձեզ զրույցի ենք հրավիրել: Ես հարցրեցի՝ սա փաստորեն ոչ պաշտոնական հանդիպում է՝ պաշտոնական դաշտո՞ւմ, ո՞նց կարելի է սա ընկալել, իրենք ասեցին՝ պարզապես մի քանի հարց ունենք տալու, շնորհակալ ենք, որ չմերժեցիք եւ եկաք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/12/13/837042/

© 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •