Ատոմակայանի գլխավոր տնօրենը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

default

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է ատոմակայանից 783 մլն դրամ հափշտակելու գործով դատավճիռը:

Դատարանն ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 5 տարի 9 ամիս 7 օրվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման։ Առաջին ատյանի դատարանը, սակայն, որոշել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով: Նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռուբիկ Մովսեսյանն էլ դատապարտվել է 4 տարի 1 ամիս 7 օրվա ազատազրկման, նրա պատիժը նույնպես պայմանականորեն չի կիրառվել. դատարանը սահմանել է փորձաշրջան 3 տարի ժամկետով։ Ատոմակայանի վերանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Էդիկ Ղազարյանը նույնպես մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 4 տարի 9 ամիս 7 օրվա ազատազրկման: Դատարանը որոշել է նրա պատիժն էլ պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ նախաքննությամբ պարզվել է, որ ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը եւ վերանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Է. Ղազարյանը կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով 783 միլիոն 586 հազար դրամի չափով վնասը, որը հետագայում ամբողջությամբ հատուցվել է:

Բոլոր մեղադրյալները ստորագրությամբ ազատ են արձակվել:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  

About the Author

Hovo
SocNews.info ՓԲԸ