Բաքուն բացահայտեց Ղարաբաղի «ռուսական պլանը»

timthumb-1-708x450

«Հայաստանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի պատրաստ չէ», հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Սակայն առավել կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հաջորդ մեկնաբանությունը…

«Նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո հույս էր ծագել, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք աշխատում և հնարավոր է որոշակի արդյունքի հասնել: Ցավոք սրտի, Հայաստանը դրան պատրաստ չէ: Հենց հայերն են խոսում, որ իրենք պատրաստ չեն ստատուս քվոյի փոփոխությանը: Ներկայումս նախապատրաստվում է [Հայաստանի և Ադրբեջանի] արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը պետք է կայանա Համբուրգում՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի դեկտեմբերի 8-9-ը նախատեսված հավաքի շրջանակում: Ես կուզենայի հանդես գալ որևէ լավատեսական հայտարարությամբ, սակայն հայկական կողմը շարունակում է ձգձգել խնդրի լուծումը», – հայտարարում էր Մամեդյարովը՝ ընդգծելով․ – «Մենք ցանկանում ենք վերականգնել այն մթնոլորտը, որ տիրում էր Սանկտ Պետերբուրգում»:

Ղարաբաղյան կարգավորման մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի այս հայտարարությունը հնչել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ երեկ Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ:

Պաշտոնական Բաքուն, փաստորեն, ակնարկում է, որ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածությունները առավել կարևոր են Բաքվի համար: Հետաքրքիր է, որ Մամեդյարովը չի նշել ավելի վաղ` Վիեննայի հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Ըստ ամենայնի` Բաքուն առավելապես հակված է հիշեցնել Սանկտ Պետերբուրգի հանդիպման մասին, որովհետև դա Ադրբեջանի համար առավելապես «Լավրովի պլանի» մասին է, որի մասին խոսեց նաև Թուրքիայի արտգործնախարարն, ասելով, որ Ռուսաստանը խելամիտ առաջարկներով է հանդես եկել` «հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանին»:

Դա է, թերևս, պատճառը, որ պաշտոնական Բաքուն հիշում է Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, այլ ոչ թե Վիեննայինը, որտեղ Բաքվից պահանջել են նաև համաձայնվել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառմանը:

Իտալիայի ԱԳ նախարարի խոսքով էլ՝ պաշտոնական Հռոմը առաջիկա երկու տարիներին անմիջական ներգրավվածություն է ունենալու հետխորհրդային տարածքում հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան, կարգավորման գործընթացին: Բանն այն է, որ 2017-ին Իտալիան վեց ամսով ստանձնելու է Եվրամիության, իսկ ամբողջ 2018 թվականի ընթացքում՝ նաև ԵԱՀԿ նախագահությունը: «Որպես ԵԱՀԿ նախագահող պետություն Իտալիան փորձելու է մեծացնել այս կառույցի դերակատարությունը Եվրոպայի սառեցված հակամարտությունների կարգավորման գործում: Մենք փորձելու ենք ուժեղացնել Ուկրաինայում, Վրաստանում և Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող միջնորդների դերակատարությունը», – հայտարարում էր Ջենտիլոնին:

Երեկ նաև պաշտոնական Երևանն է անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային: Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է Ադրբեջանի առաջիկա զորավարժություններին, նկատելով, որ դրանում ընդգրկված են «ադրբեջանական բանակի գրեթե ողջ ներուժը»: «Ադրբեջանն ինչպես միշտ նորից սրում է իրավիճակը՝ հայտարարելով լայնածավալ զորավարժությունների մասին, որում ընդգրկված է ադրբեջանական բանակի գրեթե ողջ ներուժը», երեկ լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, շարունակելով՝

«60 հազարանոց զորք, տանկեր, հրթիռներ և այլն: Դա նաև Վիեննայի փաստաթղթի խախտում է, որի համաձայն պետք է իրենք 42 օր առաջ տեղյակ պահեին, եթե նույնիսկ 9000-ի է հասնում զորքի մասնակցությունը: Բայց խոսում են 60 հազարի մասին․․․ ոչ միայն տեղյակ չեն պահել, այլ նաև Համբուրգից առաջ գնում են այսպիսի քայլի, որն, իհարկե, սրում է իրավիճակը, բացի այն, որ սաստկացրել են խախտումները հրադադարի թե՛ շփման գծում, և թե՛ ընդհանրապես հակամարտության գոտում»:

Համբուրգում դեկտեմբերի 8-9-ը նախատեսված է ԵԱՀԿ նախարարական խորհրդի տարեկան հանդիպումը, որի ընթացքում, ըստ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի օրեր առաջ տված հարցազրույցի, նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Սակայն, Նալբանդյանը նշել է, որ արտգործնախարների համբուրգյան հանդիպման ձևաչափն առայժմ հստակեցված չէ։ «Տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն և տեսնենք, թե ինչպիսին կլինեն առաջարկները․․․ բայց մի բանում վստահ եմ՝ եռանախագահների հետ հանդիպումներ լինելու են»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: Նալբանդյանի խոսքով, Բաքուն անում է ամեն ինչ, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն, մինչդեռ «Հայաստանը ոչ միայն երբևէ չի հրաժարվել հանդիպումներից, այլ միշտ ընդունել է եռանախագահների առաջարկած շրջանակը»։

Թամար Բագրատունի

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  

About the Author

Hovo
SocNews.info ՓԲԸ