Աշխարհն ընդդեմ Ալիևի կլանի

aliev

Երեկ միջազգային հանրության կողմից հերթական կարևոր որոշումն է կայացվել Ադրբեջանի վերաբերյալ. Եվրոպայի խորհուրդը դադարեցրեց մարդու իրավունքների հարցերով համագործակցությունը Ադրբեջանի հետ:

Ալիևի անհաշտ պայքարը միջազգային հեղինակավոր կառույցների դեմ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նախարարների կոմիտեին տեղեկացրեց Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբում Եվրախորհրդի մասնակցությունը կասեցնելու իր որոշման մասին:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սկսած 2014թ. հոկտեմբերից, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները մասնակցում էին Բաքվում անցկացվող հանդիպումներին, որոնց նպատակը Ադրբեջանի իշխանությունների և հասարակության միջև երկխոսության վերականգնումն էր: Չնայած այդ նախաձեռնությանը, մարդու իրավունքների վիճակն, ընդհանուր առմամբ, այդ երկրում էապես վատացել է: Աճում է բանտարկված իրավապաշտպանների թիվը: ԵԽ-ն տագնապեցնող տեղեկություններ է ստացել ազատազրկման վայրերում նրանց պահման պայմանների վերաբերյալ: ԵԽ գլխավոր քարտուղարն իր այդ որոշման մասին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»:

Ադրբեջանը, սակայն, շարունակում է անհաշտ պայքարը` միջազգային հեղինակավոր կառույցների հետ: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցներին արգելել են մուտք գործել Ադրբեջան, փաստորեն Ադրբեջանում ընտրությունների նախօրեին: Կառույցում Ադրբեջանի այս քայլը անվանել են «լուրջ հարձակում» խոսքի ազատության իրավունքի վրա: Amnesty International-ում ֆիքսել են, որ Ադրբեջանում հաջորդ ամիս կայանալիք ընտրություններին ընդառաջ խոսքի ազատությունը լուրջ, հետևողական ձևով թիրախ է դառնում:

Միացյալ Նահանգներն` ընդդեմ Ալիևի վարչակազմի

Սեպտեմբերի վերջին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը և ազդեցիկ դեմոկրատ անդամ Էլիոթ Ինգըլը կոնգրեսական գործընկերներին հորդորում են միանալ Լեռնային Ղարաբաղի շփման գծում խաղաղության պահպանման գործում ԱՄՆ-ի առաջնորդության վերականգնման երկկուսակցական կոչին: Ամերիկացի երկու օրենսդիրները ներկայումս ստորագրություններ են հավաքում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին հասցեագրված նամակի տակ, որում կոչ է արվում ԱՄՆ-ին և ԵԱՀԿ-ին՝ հրաժարվել ագրեսիայի ակտերին անդրադառնալիս «կեղծ հավասարակշռություն» պահպանելու իրենց «ձախողված քաղաքականությունից»: Այդ քաղաքականությունը, ըստ նամակի հեղինակների, ոչ միայն չի թուլացրել, այլև մեծացրել է լարվածությունը՝ վտանգավոր աստիճանի հասցնելով այն:

Կոնգրեսականներն առաջարկում են խաղաղությանը միտված երեք կոնկրետ քայլ, որոնք կարճաժամկետ հեռանկարում կփրկեն կյանքեր և կօգնեն խուսափել պատերազմից, իսկ երկարատև հեռանկարում կնպաստեն համընդգրկուն և տևական խաղաղության հաստատմանը: Այդ քայլերն են՝ շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի միջև համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար, նույն նպատակով ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում: Նամակի հեղինակներն ընդգծում են, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը աջակցել են այս նախաձեռնություններին, Ադրբեջանը՝ ոչ:

Ուորլիքին նամակ էր հղել նաև Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հատուկ հանձնաժողովի ազդեցիկ դեմոկրատ անդամ Ադամ Շիֆը՝ համանման կոչ ուղղելով Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտին: Շիֆը զգուշացրել է, որ «այս հակամարտությունում ագրեսորի մասին շիտակորեն խոսելու ցանկացած դժկամություն ուղերձ է հղում Ադրբեջանին, որ նա կարող է անպատիժ գործել: «Չեմ կարծում, թե խաղաղությանը նպաստում է Ադրբեջանի ահագնացող մարտնչողականությունն անտեսելը և շփման գծի երկայնքով բռնության համար երկու կողմերին հավասարապես մեղադրելը, երբ դա այդպես չէ», – շեշտել է հայամետ կոնգրեսականը:

Ուորլիքը պաշտպանեց կոնգրեսականներին

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, արձագանքելով ամերիկացի կոնգրեսականների առաջարկներին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի խախտումների կանխմանը, հայտարարել է, որ աջակցում է նախաձեռնությանը:

Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա վստահեցրել է, որ կշարունակեն կատարել բոլոր քայլերը, որոնք կարող են հանգեցնել կարգավորման:

«Մենք լիովին աջակցում ենք կոնգրեսականներ Ռոյսի և Ինգըլի առաջարկած նախաձեռնությանը։ Վստահության կառուցմանն ուղղված քայլերը և հասարակություններին վերաբերող ծրագրերը նվազեցնում են լարվածությունը և հիմք դնում երկարատև խաղաղության հաստատման համար», – ասել է Ուորլիքը՝ նշելով, որ համանախագահները կողմերին բարձրաձայնել են բոլոր այդ նախաձեռնությունների մասին և այսուհետ էլ կշարունակեն կատարել բոլոր քայլերը, որոնք կարող են հանգեցնել բանակցված կարգավորման:

ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունները արդեն իսկ ողջունել են ամերիկացի համանախագահի հայտարարությունը: «Ուրախ ենք տեսնել, որ Օբամայի վարչակազմը, միանալով կոնգրեսականների նախաձեռնությանը, աջակցում է Լեռնային Ղարաբաղի համար խաղաղարար առաջարկություններին», – մասնավորապես հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:

Փաստորեն Ջեյմս Ուորլիքի աջակցությամբ նաև ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակազմն է սատարում կոնգրեսականների կոչին, ինչը բավական ուշագրավ փաստ է պաշտոնական Վաշինգտոնի կողմից: Իսկ ինչ վերաբերում է ալիևյան կլանին, ապա նա ստանում է հերթական ապտակը քաղաքակիրթ աշխարհից:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  

About the Author

Hovo
SocNews.info ՓԲԸ