Sunday, 22/1/2017 | 10:17 UTC+0

Սերժ Սարգսյա՞նը կդառնա վարչապետ, թե՞ Կարեն Կարապետյանը կմնա

Կառավարության ու վարչապետի փոփոխությունից հետո քաղաքական շրջանակներում ու մամուլում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հետագա ճակատագրին վերաբերող հարցերը:

Արդեն որեւէ մեկը չի կասկածում, որ Կարեն Կարապետյանն առաջիկայում անդամագրվելու է Հանրապետական կուսակցությանը, ավելին՝ դառնալու է կուսակցության փոխնախագահ: Բայց կարծես թե ՀՀԿ-ում նորանշանակ վարչապետի վերելքն այդքանով չի սահմանափակվի, արդեն տեսակետներ են հայտնվում, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին հենց նա է գլխավորելու այդ կուսակցության համամասնական ցուցակը: Իսկ այդ հորիզոնականում հայտնվելու համար առաջիկա առնվազն չորս ամիսներին նա պետք է շռնդալից փոփոխություններ իրականացնի պետական եւ տնտեսության կառավարման համակարգում, որոնց արդյունքում հանրության մեջ տպավորություն ստեղծվի, որ Կարապետյանի կառավարման դեպքում լավ ենք ապրելու: Իհարկե, այնպես չէ, որ վարչապետն ինքը հիմա փափագում է դառնալ ՀՀԿ-ի ցուցակի թիվ մեկ տղամարդը, բայց ՀՀԿ վերնախավում նման սպասումներ կան: Եվ եթե նա հանրությանը կարողացավ ապացուցել, որ առաջիկայում լավ ենք ապրելու, ապա այդ հարցը կարծես թե մեխանիկորեն կլուծվի: Հավանաբար հենց այդ լուծումով էլ պայմանավորված կլինի Սերժ Սարգսյանի հետագա ճակատագիրը:

Անգամ իշխանական համակարգում այսօր կցկտուր քննարկումներ կան, որ Սերժ Սարգսյանն իրեն հետնորդ է նախապատրաստում: Այս առումով տարբեր սցենարներ են շրջանառվում: Օրինակ, այն, որ Կարեն Կարապետյանը վարչապետ կմնա նաեւ 2018-ից հետո, երբ մեր երկիրը կունենա նոր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական կառավարման համակարգ, որտեղ պետության ղեկավարը նախագահի փոխարեն հենց վարչապետն է լինելու: Սերժ Սարգսյանն էլ կմնա վարչապետ ու ԱԺ նախագահ նշանակող եւ ընդհանրապես կառավարման համակարգը ձեւավորող ՀՀԿ-ի նախագահը: Այդպիսով, նա նաեւ կապացուցի, որ տերն է սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետի պաշտոնից հրաժարվելու իր խոստմանը: Բայց այս դեպքում նրան որեւէ խոստում չի սահմանափակի դառնալ ԱԺ նախագահ, եթե ցանկանա: Ի վերջո ԱԺ-ից ավելի լավ կարող է վերահսկել նույն նշանակումները, հատկապես որ խորհրդարանական կառավարման համակարգում ԱԺ-ն է ընտրում վարչապետին ու երկրի նախագահին: Թեեւ բոլորովին էլ չի բացառվում, որ ի հեճուկս այս սցենարների՝ Սերժ Սարգսյանը որոշի, որ 2018 թվականին, երբ կավարտվի իր նախագահության ժամկետը, հենց ինքն է դառնալու վարչապետը: Իզուր չէ, որ նա իրեն ուղղված հարցերին պատասխանելիս՝ արդեն որերորդ անգամ է, չի վերահաստատում իր հայտարարությունը, որ վարչապետ դառնալ չի ուզում:

Բայց այս բոլոր սցենարներն իրականություն կդառնան, եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն կարողանա ԱԺ-ում մեծամասնություն ունենալ: Իսկ ՀՀԿ-ական պաշտոնյաներն այսօր խուսափում են այս հարցերը մեկնաբանելուց: Իրենք էլ չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում: Ամեն դեպքում, մենք մի քանի հարց ուղղեցինք ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին:

Պարոն Մինասյան, Սերժ Սարգսյանը «Ալ-Ջազիրային» տված հարցազրույցում չէրհերքել, որ կարող է վարչապետ դառնալ: Ձերկարծիքով նա կփոխի՞ իր մտադրությունը,եթե ընտրություններին ՀՀԿ-ն հաղթի:

— Նման քննարկումներ չեն եղել: Իսկ իմ կարծիքով՝ հիմա այդ խնդրի արծարծումը ժամանակավրեպ է: Այդ խնդիրը կդառնա արդիական խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: Իսկ գերխնդիրը ընտրությունները բաց ու թափանցիկ անցկացնելն է:

Բաց ու թափանցիկ վերջին ՏԻՄ ընտրությունների՞ նման, որոնց դեպքում ընդդիմադիրուժերը բարձրաձայնում էին, թեընտրակեղծիքների մեխանիզմներն ավելի ենկատարելագործվել եւ տեսադաշտից հեռացվել:

— Այդ դեպքում ես պիտի չափազանց կարեւոր բան ասեմ. մեր երկու ընդդիմադիր գործընկերները՝ Լեւոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը չափազանց հստակ հայտարարեցին, որ ընտրական գործընթացների ժամանակ ընտրության օրը խախտումների մասին խոսելը ժամանակավրեպ է, այդպիսի բան մենք այլեւս չունենք: Ն. Փաշինյանն ավելին ասաց, որ ընտրական տեղամասից 50 մետր շառավիղով եւս խախտումներ չկան: Քաղաքացին, որ մտնում է ընտրական տեղամաս եւ կատարում իր ընտրությունը, դրանից հետո որեւէ խախտում ըստ էության տեղի չի ունենում: Սա իրողություն է, որը մենք արձանագրել ենք վերջին ՏԻՄ ընտրություններին: Հետեւաբար այս ընթացքը բավական խոստումնալից է առ այն, թե ինչպիսին կլինեն ԱԺ ընտրությունները: Ես կարծում եմ, այն եւս կլինի մի քայլ առաջ, ինչպիսին վերջին ՏԻՄ ընտրություններն էին:

Բայց հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանի ու Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունները,որ ընտրատեղամասերից դուրս են տեղիունեցել խախտումները, որոնք ազդել ենընտրությունների արդյունքների վրա:

— Դուք չեք ուզում ինձ հասկանալ: Այն թերությունները, որոնց մասին այսօր խոսում եք, չգիտեմ՝ դրանք նույնչափ եղել կամ չեն եղել նախորդ ընտրությունների ժամանակ: Ես ձեզ այլ բան եմ ասում՝ մի կարեւորագույն խնդիր, որը կապված էր ընտրական տեղամասի ընթացքի, ընտրողի ուղղակի կամաարտահայտության եւ դրա անփոփոխ արձանագրման հետ, վերացվել է:

Եթե այդ խնդիրը լուծվել է, ապա կվերացվե՞ն նաեւ դրսում կատարվողընտրախախտումները:

— Կարեւորագույն խնդիրն արդեն լուծված է, մնացել են ուրիշ խնդիրներ: Ինչպես միասին լուծել ենք նախորդ խնդիրները, այդպես էլ կլուծվեն մյուսները:

Իսկ ՀՀԿ-ում կարծո՞ւմ են, որ Ս. Սարգսյանը վարչապետ չի դառնա:

— Ասում եմ հերթական անգամ՝ այդ հարցը ժամանակավրեպ է:

Հնարավոր համարո՞ւմ եք, որ Կարեն Կարապետյանը դառնա ՀՀԿ փոխնախագահ եւգլխավորի ՀՀԿ-ի ցուցակը:

— Մենք ունենք ԳՄ, որն այդ հարցերը կարգավորում է, բայց որն այդ հարցը դեռ չի քննարկել: Յուրաքանչյուր մարդ, որը կդառնա կուսակցական, պետք է դիմում ներկայացնի, հետո այդ հարցը քննարկվի ու հավանության արժանանա: Դրանցից ոչ մեկը դեռ չի արվել:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  
About

SocNews.info ՓԲԸ

POST YOUR COMMENTS

Your email address will not be published. Required fields are marked *