ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԻՋԵՑՐԵԼ Է «ԳՈԼԴ» ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ԳՆԵՐԸ

%d5%af%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6-%d5%be%d5%b8%d5%be%d5%a1-900x450-1

Կառավարության նիստում որոշում է ընդունվել ավտոմեքենաների, այսպես կոչված, «Գոլդ» համարանիշերի նախկինում սահմանված բարձր արժեքները նվազեցնելու վերաբերյալ:

Ներկայումս «Գոլդ» համարանիշերի (դրանք կառավարության որոշման մեջ կոչվում են մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը), տրամադրման համար սահմանված են 150 հազար, 600 հազար, 1 մլն 500 հազար, 3 մլն և 8 մլն դրամ արժեքներ: Դրանք հիմնականում կրկնվող թվերով համարանիշերն են, և որքան շատ է թվերի կրկնությունը, այնքան բարձր է համարանիշի արժեքը: Նման համարանիշերը, որպես կանոն, վաճառվում են աճուրդով, իսկ գոյացած գումարները համալրում են «Ճանապարհային ոuտիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդը: Պարզվում է, սակայն, վերջին շրջանում, այսպես կոչված, մեծ պահանջարկ ունեցող թանկարժեք համարանիշերն այլևս պահանջարկ չունեն, և ճանապարհային ոստիկանությունն այլևս չի կարողանում  դրանց վաճառքի հաշվին արտաբյուջե համալրել: Ուստի ոստիկանությունը միջնորդություն է ներկայացրել կառավարությանը՝ իջեցնել «Գոլդ» համարանիշերի բարձր գները: «Ներկայումս 150 հազար, 600 հազար, 1 մլն 500 հազար, 3 մլն և 8 մլն դրամ արժեք ունեցող շատ համարանիշեր վճարի բարձր չափի պատճառով պահանջարկ չունեն և չեն իրացվում, իսկ վճարների չափի գործող սահմանումները հնարավորություն չեն տալիս համարժեք նվազեցնել դրանց վճարների չափերը»,- նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Իրավիճակը խնդիրներ է առաջացնում նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով հարուցած վարույթների հետևանքով, ինչը թերևս նշանակում է, որ, այսպես կոչված, «Գոլդ» համարանիշերը ոչ միայն այլևս պահանջարկ չեն վայելում, այլև նախկին տերերից շատերը հրաժարվում են դրանցից: Նոր ընդունված որոշմամբ՝ «Գոլդ» համարանիշերի համար սահմանվել են նոր գներ՝ նախկին 150 հազար, 600 հազար, 1 մլն 500 հազար, 3 մլն և 8 մլն դրամ արժեքների փոխարեն՝ համապատասխանաբար սահմանվել են 60 հազար, 100 հազար, 150 հազար,  250 հազար, 400 հազար, 500 հազար և 600 հազար դրամ գները:

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությանը և դրան անդամակցող ապահովագրական ընկերություններին ճանապարհատրանսպորտային պատահարի ելակետային տվյալների վերաբերյալ օրենքով չարգելված տեղեկատվության տրամադրման համար սահմանվել է 4000 դրամ ծառայության վճար:

Որոշման տակ արդեն դրված է վարչապետ Կարեն Կարապետյանի ստորագրությունը, և որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:

«Գոլդ» համարանիշերն ընդհանրապես բավականին հետաքրքիր հանրային ինդիկատոր են: Կրկնվող թվերով ավտոմեքենաների համարանիշերը մի ժամանակ երևանյան փողոցներում այս կամ այն օլիգարխի և մեծահարուստի հիմնական տարբերակիչներն էին: Ասենք, օրինակ, կրկնվող 4-երով ավտոմեքենաները ինչ-որ մեկինն էր, 3-ների կրկնությունը երկրոդի «կրուտոյությունն» էր ընդգծում և այսպես շարունակ: Կար ժամանակ, երբ այս կարգի համարանիշերի համար օրենքով որևէ գումար սահմանված չէր, բայց բոլորը գիտեին, որ այս կարգի «Գոլդ» համար ստանալու համար պետք էր ծանոթներ ունենալ ոստիկանության վերնախավում:  Քանի որ  այդ կարգի համարանիշերի թիվը սահմանափակ էր, ոստիկանությունը դրանք ներքին կարգով շատ բարձր գներով վաճառում էր ցանկացողների վրա: Այդ քաղքենի երևույթի վրա ոստիկանության  բազմաթիվ պաշտոնյաներ լուրջ փողեր են աշխատել: Բայց եկավ մի պահ, երբ որոշում կայացվեց «Գոլդ» համարները դարձնել վճարովի և սահմանել հատուկ գներ: Դա արվեց իբրև կաշառք գրպանվող գումարները ոստիկանության արտաբյուջե բերելու նպատակով: Պետք է ասել, որ սկզբնական շրջանում գործերն այնքան էլ վատ չէին, պահանջարկը բավականին մեծ էր, այդ համարանիշերը նույնիսկ աճուրդի էին դրվում: Ժամանակին մամուլում գրվեց «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանի գերթանկարժեք «Գոլդ» համարանիշի մասին:

Բայց ժամանակի հետ նախասիրությունները ևս փոխվում են. հավանաբար հարուստները ևս արդեն հասկացել են, որ «Գոլդ» համարանիշը տեխնոլոգիայի ու ֆեյսբուքի մեր դարում, բացի շառից, ոչ մի լուրջ օգուտ չի տալիս: Ով ասես՝ կարող է քեզ ու քո մեքենան նկարել ու «ֆեյսբուք գցել»: Մի ժամանակ բոլորն ուզում էին, որ իրենց ճանաչեն համարներից, հիմա գերադասում են աննկատ մնալ՝ շառից, փորձանքից հեռու:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  

About the Author

Hovo
SocNews.info ՓԲԸ