ԵՏՄ շուկայից կատարվող արտահանումները հիմա դյուրին են դարձել. Միքայել Մելքումյան

timthumb-9

Կառավարության նկատմամբ վստահության բարձրացման լծակներից մեկը Կարեն Կարապետյանի հայտարարությունն է այն մասին, որ ցանկացած անձ հնարավորություն պետք է ունենա առանց խոչընդոտների ներկրումներ իրականացնելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Պատգամավորը վստահեցնում է՝ որևէ օրենքով ամրագրված չէ, որ մեկ կամ երկու հոգի պետք է ապրանքներ ներկրեն:

«Ես կարծում եմ, որ կառավարության նկատմամբ վստահության բարձրացման լծակներից մեկը հենց դա է լինելու։ Եթե բենզինը, դիզվառելիքը, բանանը, ցիտրուսը հիմա բերում են երեք-չորս սուբյեկտ, ապա մի քանի ամիս հետո պետք է ցույց տան, որ բերում են 13 կամ 14 սուբյեկտ: Պետք է իսկապես մրցակցային հարաբերություններով առաջնորդվենք:

Ներկրողների ու արտահանողների մասով էլ կարող եմ ասել, որ վախերն արդարացված չեն, քանի որ այստեղ ռիսկային գործոն չկա։ ԵՏՄ շուկայից կատարվող արտահանումները հիմա դյուրին են դարձել: Եթե ԵՏՄ-ից եք բերում ապրանքը, օրինակ վառելիքը, ապա որևէ մաքսային սահման չկա: Այստեղ միակ մաքսային խոչընդոտը կարող է լինել այդ օկտանային թվի ֆիքսումը, որը ցույց է տալիս որակի համապատասխանելիությունը։

Շատ կարճ ժամանակ հետո ամեն ինչ պարզ կդառնա։ Մեկ-երկու ամիս հետո կրկին կհանդիպենք, կզրուցենք, ու շուկաները ցույց կտան՝ այստեղ լրացուցիչ մրցակիցներ եկե՞լ են, թե՞՝ չէ: Եթե նոր խաղացողներ են մտնում շուկա՝ ի՞նչ է լինում՝ մյուսների մասնաբաժինը փոքրանում է, և գները սկսում են իջնել»,- մեկնաբանեց ԲՀԿ-ականը:

Մելքումյանն ընդգծեց, որ չի կարող իրեն իրավունք վերապահել կարծիք հայտնել վարչապետի գործունեության վերաբերյալ:

«Կսպասենք մի քանի ամիս, կտեսնենք արդյուքներն ու կասենք»,- ասաց նա:

Սևակ Վարդումյան

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •