Անդունդի եզրին

timthumb-15

Չորս անընդմեջ պարտությունները չէին կարող չանդրադառնալ ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վարկանիշին: Արդյունքում՝ մեր ընտրանին նահանջելով 13 աստիճանով՝ այս տարի առաջին անգամ հայտնվել է 125-րդ հորիզոնականին:

Հարկ է նշել, որ 1994 թվականից ի վեր սա Հայաստանի գլխավոր թիմի 7-րդ բացասական ցուցանիշն է վարկանիշների ցուցակում: Բացարձակ հակառեկորդը գրանցվել է անցյալ տարվա նոյեմբերին՝ նահանջ 36 կետով: Դրանից առաջ ամենամեծ անկումը եղել է 2014-ի սեպտեմբերին եւ հոկտեմբերին՝ համապատասխանաբար 16 եւ 23 աստիճանով: Իսկ ավելի վաղ՝ 2012 թվականի նոյեմբերին՝ -18: Ավելի խորը փորելու դեպքում կպարզենք, որ վերջին ցուցանիշը կրկնվել է 2008-ի հուլիսին, իսկ 1995թ. սեպտեմբերին միանգամից իջել ենք 15 տեղով:

Ի դեպ, ունեցել ենք նաեւ կտրուկ վերելքի շրջաններ: Այսպես, 2007-ի հունիսին հավաքականը բարձրանալով միանգամից 48 աստիճանով՝ հասել է 80-րդ հորիզոնականին, իսկ երկու տարի անց (հոկտեմբերին)՝ գրանցել է 45 տեղով առաջխաղացում եւ հայտնվել 60-րդ դիրքում: Առհասարակ, սանդղակում Հայաստանի հավաքականի ամենացածր տեղը եղել է 159-րդը՝ 1994 թվականին: Այդպիսով, 22 տարի անց մեր ընտրանին արդյունքները զարգացնելու փոխարեն սահուն մոտենում է իր պատմական ցածրակետին: Այն դեպքում, երբ ընդամենը 2014-ի փետրվարին աշխարհի 30-րդ հավաքականն էր (դա մեր լավագույն արդյունքն է սանդղակում), եւ դա իրոք աներեւակայելի ցուցանիշ էր ֆուտբոլային սահմանափակ հնարավորություններ ունեցող երկրի համար:

Ինչեւէ, ընթացիկ մրցաշրջանը հայկական թիմը սկսել էր 121-րդ տեղում, որից աննշան բարձրանալուց հետո նորից բռնել է վայրէջքի ուղին: Այնպես որ, նոյեմբերի 11-ին անցկացվելիք Չեռնոգորիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը մերոնց կա՛մ կհասցնի մինչ այդ չյուրացրած ցածր եզերքներ, կամ էլ վարկանիշային առաջընթաց կապահովի: Ի դեպ, հոկտեմբերյան սանդղակում ամենամեծ ցատկը կատարել են հենց չեռնոգորցիները, որոնք +49 ցուցանիշով հաստատվել են 56-րդ տեղում: Այն դեպքում, երբ այս թիմը միայն 2008 թվականից է մասնակցում միջազգային պաշտոնական մրցումների, իսկ երկիրն ունի 13,8 հազ. քառակուսի կիլոմետր տարածք եւ շուրջ 622 հազար բնակիչ: Սա էլ՝ սահմանափակ ներուժով ֆուտբոլ զարգացնելու հնարավորության մասին:

Հրայր Նազարյան

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •