Նշվեց մեծանուն ճարտարապետ, հայկական մոդերնիզմի հիմնադիրներից Կառլեն Վարդանյանի 90-ամյակը

timthumb-16

Հոկտեմբերը հոբելյանական է Հայաստանի ճարտարապետության և շինարարության ոլորտում։ Հոկտեմբերի 26-ին ազդարարվելու է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) 95-ամյակը, իսկ հոկտեմբերի 15-ին ճարտարապետների միությունում նշվեց մեծանուն ճարտարապետ, հայկական մոդերնիզմի հիմնադիրներից մեկի՝ Կառլեն Վարդանյանի 90 ամյակը։

Ինչպես տեղեկացնում է  ՃՇՀԱՀ-ի մամուլի խոսնակ Ժասմեն Վիլյանը, հոբելյանի առթիվ միությունում ճարտարապետի որդի գործարար Ռուբեն Վարդանյանի, դստեր` երգահան, բարերար Մարինե Ալեսի նախաձեռնությամբ և ՃՇՀԱՀ-ի ջանքերով կայացավ ճարտարապետ Կառլեն Վարդանյանի ՝ առաջին անգամ հրատարակված, ձեռագիր թարգմանությունների մեկ ժողովածուում ամփոփված «Մարկոս Վիտրուվիոս Պոլլիո» գրքի շնորհանդեսը: Հայրենով այս աշխատությունը կարևոր նշանակություն կունենա ուսանողների ճարտարապետական մտքի զարգացման և լայն ընթերցողի համար կբացահայտի հին աշխարհը նորովի։

«Պատկերացնում  և զգում եմ, թե որքան ուրախ կլիներ հայրս այս պահին, իր ձեռագրերը մեկ գրքում զետեղելու համար, իր վաղեմի ուսանողներին հանդիպելու և իր գործընկերների հետ ևս մեկ անգամ շփվելու հնարավորության համար։ Ճարտարապետների միության այս շենքը ինձ համար ևս շատ հարազատ է, և ես հիշեցի, որ տարիներ առաջ առաջին անգամ 15 տարեկանում այս դահլիճում են ինձ պարի հրավիրել, երբ հայրս և բոլոր ճարտարապետները ավանդաբար նշում էին նոր տարին։ Այստեղ մթնոլորտը միշտ ջերմ է եղել։ Հայրս միշտ ասում էր, որ ճարտարապետությունը միայն հաշվարկ չէ, այն գիտություն է՝ կյանք է։ Նա մեզ, իր երեխաներին սովորեցրել է՝ եթե անգամ աշխարհի մի փոքրիկ մասնիկն ես, միևնույն է քեզանից շատ բան է կախված։ Աշխատել և ստեղծել, այս կարգախոսով է միշտ առաջնորդվել և դաստիրակել ոչ միայն մեզ, այլև ինչպես փաստեցին նրա վաղեմի ուսանողները՝ նրանց ևս սովորեցրել է»,- ներկաներին շնորհակալություն հայտնելով ասաց ճարտարապետի դուստր Մարինա Ալեսը։

Ճարտարապետների միությունը հյուրընկալել էր ոչ միայն ամբողջ գերդաստանին՝ նրա որդի գործարար Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ, այլև հոբելյանը նշելու էին եկել ճարտարապետի վաղեմի ուսանողները, ովքեր այսօր անվանի ճարտարապետներ են։ Նրանցից յուրաքանչյուրն առանձնակի ջերմությամբ հիշեց կյանքից դրվագներ` կապված դասախոսի հետ, որում արտացոլվեցին Կառլեն Վարդանյանի մարդկային բարձր հատկանիշները, դասախոսի պրոֆեսիոնալիզմը և ճարտարապետի ինքնատիպությունը։

Ճարտարապետների միությունում բացված փոքրիկ ցուցահանդեսում ներկայացված Կառլեն Վարդանյանի գեղանկարչական գործերը շատերին բացահայտեցին ճարտարապետին նորովի, որպես նկարիչ: Ցուցադրված նմուշները տրամադրել էր Կառլեն Վարդանյանի ընտանիքը։

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •