Էրդողանը Տրապիզոնում իր ելույթի ժամանակ հայերին ուղղված վիրավորանքներ չի հնչեցրել. Անդրանիկ Իսպիրյան

timthumb-8

Թուրքական և հայկական լրատվամիջոցներում օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ Քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության անդամ, թուրքական մեջլիսի պատգամավոր Գարո Պալյանը պատրաստվում է դատի տալ Էրդողանին:

Վերջինս նման հայտարարություն էր արել Թվիթերի իր էջում:
ՀայՄեդիա.AM-ը զրուցեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ հիմքերով է Պալյանը պատրաստվում դատի տալ Էրդողանին ու թե ինչ արձագանքներ է առաջացրել Պալյանի այդ հայտարարությունը Թուրքիայում:

-Խոսքը գնում է Էրդողանի՝ Տրապիզոնում տեղի ունեցած հանրահավաքի մասին: Այդ օրը դեպքերի բերումով ինքս էլ Տրապիզոնում էի: Էրդողանն անձամբ այս անգամ հայերին վիրավորող ոչինչ չի ասել, հայերին վիրավորող կոչերը հնչել են ամբոխի միջից: Ցավոք սրտի, Թուրքիայում հայ բառը ասոցացվում է վատ բառերի հետ, վիրավորական, ու եթե ուզում են ստորացնել ու վատ երանգով ներկայացնել գյուլենականներին կամ Քրդական բանվորական և աշխատավորական կուսակցության զինյալներին՝ նրանց հայերի ծնունդ կամ հայ են անվանում: Կարելի է ասել, որ վիրավորանքի այս ձևը արմատացել է թուրք հասարակության մեջ:

Ինչ վերաբերում է դատի տալու մասին հայտարարությանը, ապա, կարծում եմ, որ սա Պալյանի կողմից ավելի շատ հանրության, Եվրոպայի, Ամերիկայի ուշադրությունն այս փաստի շուրջ հրավիրելու մեթոդ է, որպեսզի Արևմուտքը տեսնի, թե իրականում ինչ ազգայնամոլական ու ռասիստական քաղաքականություն է վարում Էրդողանը Թուրքիայում և ինչ տարբերություններ են դրվում էթնիկ խմբերի միջև:
Չեմ կարծում, թե դատական քաշքշուկը ինչ-որ բան կտա Պալյանին, հաշվի առնելով հատկապես հեղափոխությունից հետո Էրդողանի՝ Թուրքիայում իրականացրած զտումները, Թուրքիայում դատարանը հիմա շատ ավելի կախված է Էրդողանից, քան նախկինում:

Բացի այդ, Թուրքիայում կան մի շարք քաղաքներ, որոնք համարվում են ազգայնամոլական ուժերի կենտրոններ, և Տրապիզոնը դրանցից մեկն է, ու ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ազգայնամոլական ուժերը ենթարկվում են Էրդողանին՝ վերջինիս վարած իսլամական ու ազգայնամոլական քաղաքականության համար:

Հայկանուշ Ալոյան

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •