Այլմոլորակային է հայտնվել

1d2119e957ea5b9d1a3af4ee410c4

Ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Հայաստանում հերթական անգամ փայլել է իր տաղանդով ու դրասեւորվել քաղաքակիրթ մարդկությանը դեռեւս անհայտ մի լեզվի իմացությամբ։ Իրականում նա հերթական անգամ այնպես է հերն անիծել թե’ հայերենի, թե’ ռուսերենի, որ ակամայից հայտնվել է զավեշտալի իրավիճակում։ «Փայլել» է հայոց և ռուսաց լեզուների իր իմացությամբ։

Ահա թե ինչ է ասել ալամ աշխարհի հայերի միության նախագահն այսօր՝ ԵՊՀ-ում ինչ-որ անկախ միջոցառման շրջանակներում։ «Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքը» խորագրով գիտաժողովի ժամանակ ելույթ ունենալով Աբրահամյանը, որը հավակնում էր փայլատակել անգամ հայրենի քաղաքական երկնակամարում, կիսառուսերեն-կիսահայերեն բառակույտի ցուցադրությամբ գերազանցել է Ռոբինզոն Կրուզոյի Ուբաթին։ «Մենք պատրաստվում էինք գրել մի այսպիսի գիրք Հայ ժողովրդի դերը միջին դարերում ունեցած… մենք որպես ասենք առեւտրական նավատորմի ազդեցությունը… Ես ռուսերենը չսովորեցի, հայերենն էլ մի քիչ բավականին… Ռոլ Արմենիա միջին դարերի…» այլմոլորակայինի լեզվով նորանոր բառային միավորներ է տեղում արարել մեր հանճարեղ հայրենակիցը, որն իրեն հոգով հայ է համարում, ինչպես նաեւ՝ ռուս. «Այո, իհարկե, ես ռուս եմ: Բա, որովհետև եթե Ռուսաստանում ապրում եմ… գիտե՞ք՝ ինչ ա նշանակում ռուս:

Դուք գիտե՞ք դա ինչ ա: Էսօր Ռուսաստանում,  եթե ես դուրս եմ գալիս, գալիս եմ Ամերիկա Ռուսաստանից, ինձ ընդունում են որպես Ռուսաստանի քաղաքացի, ասենք, իրանք ասում են՝ մեր ռուս հյուրը»,- մի առիթով ասել էր նա։ Աբրահամյանին , անշուշտ, մինչեւ հոգու խորքը վիրավորած կլինենք՝ ասելով, որ ինքը անգամ ռուս էլ չէ, այլապես փող չէր ափսոսի ու կտրամադրեր գոնե ռուսերենը մարդավարի սովորելու վրա։ «…Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզունա ու հավատը»: Կար ժամանակ, երբ Խաչատուր Աբովյանի այս պատգամը կարելի էր հանդիպել աշակերտների տետրերի առաջին էջերին, ինչպես նաև ուսումնական գրեթե բոլոր հաստատությունների շքամուտքի պատերին։

Դա այն ժամանակներում էր, երբ հետխորհրդային Հայաստանում ջանք չէր խնայվում մայրենիի արժեքը վերականգնելու համար: մինչդեռ Աբրահամյանը ոչ հայերեն գիտի, ոչ ռուսերեն ու կարելի է ասել նա հայրենիք էլ չունի։ Ցավալին այն է, որ հենց նրանով են Ռուսաստանում պատկերացում կազմում հայերիս մասին։ Բայց Աբրահամյանի վերջին «բոցը» ինչ-որ այլմոլորակային լեզվի ցուցադրությամբ չի վերջանում Աբրահամյանն, օրինակ, հակասական հայտարարություններ է արել, մեկ ասել է, թե Ռուսաստանում չկա մի մարզ, քաղաք, որ Ռուսաստանի հայերի միությունը չիմանա, թե ինչ է կատարվում այնտեղ, ապա ինքն իրեն հակասել՝ ասելով, թե չգիտեն, թե որտեղ որքան հայ է բնակվում:

Աբրահամյանը նաեւ ուշագրավ թիվ է հրապարակել, հայտարարել է, թե Ռուսաստանում իրենց հաշվարկով ապրում է մոտ 3 միլիոն հայ, սակայն այդ հայկական սփյուռքի ներուժի 1 տոկոսն է միայն օգտագործվում Հայաստանի զարգացման համար: 2012 թվականին,նույն մարդու տվյալներով ՌԴ-ում ապրում էր 2,5 միլիոն հայ: Նա այդ մասին հայտարարել էր Պուտինի հետ նախընտրական հանդիպմանը։Չորս տարի անց պարզվում է, որ Արա Աբրահամյանի հաշվարկը փոխվել է, կես միլիոնով ավելացել։ Սա անչափ ուշագրավ հայտարարություն է Աբրահամյանի քաղաքական հավակնությունների համատեքստում։

Թեպետ,  փաստացի սառեցվել է Աբրահամյանի՝ կուսակցություն ստեղծելու գաղափարը, որի մասին նա շռնդալից ասուլիս տվեց դեռեւս այս տարվա ապրիլին, ու այս ընթացքում տեղեկություններ սպրդվեցին, որ Սերժ Սարգսյանն է կանխել քաղաքականություն մտնելու հեռանկարը, բայց այս հայտարարությունից հետո կարելի է հասկանալ, որ Արա Աբրահամյանը Սերժ Սարգսյանի հետ չէ ու անկաշկանդ բացահայտում է  նման տեմպերով արտագաղթի մասին։

Չնայած, որ չի բացառվում, որ Աբրահամյանը Պուտինի՝ Հայաստան այցից առաջ հատուկ առաքելությամբ է գործուղվել Հայաստան, ու նրա այդ հայտարարությունն էլ հատուկ նպատակ է հետապնդում, թե ինչ, պարզ կդառնա ապագայում։

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •