Միայն հայտարարություններով չեն դառնում ներդրումներ ներգրավվող երկիր. Վիլեն Խաչատրյան

92-thumb
Միայն ասելով ու հայտարարություններ անելով չեն դառնում ֆինանսական կենտրոն կամ ներդրումներ ներգրավվող երկիր, Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն, անդրադառնալով Նյու Յորքում կայացած «Հայաստան. ներդրումային համաժողով-2016»-ին հնչեցված հայտարարություններին:
«Բնականաբար, դրանք մեսիջներ են, որոնք ուղարկվում են ներդրողներին: Կոնկրետ այս պարագայում մենք ունենք երկու տիպի ներդրողներ՝ ամերիկյան և սփյուռքահայ: Այսինքն, ուղարկված այս ինֆորմացիան արձագանք ունենալու խնդիր ունի», – ասաց տնտեսագետը:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներդրումային համաժողովի ընթացքում հայտարարել էր. «Հայաստանում` որպես ԵԱՏՄ անդամ-պետությունում ներդրում կատարելով՝ դուք դուրս եք գալիս հսկայական տարածք, որտեղ գործում են չորս հիﬓական «ազատություններ»` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ»:
Տնտեսագետն ասաց, թե այսպիսով փորձում են ցույց տալ, որ մեր երկիրը որոշակի առումով գտնվում է նորմալ տնտեսական իրավիճակում և ներդրումներ անելու համար նպաստավոր է:
«Բնականաբար, ցանկացած կառավարության և ցանկացած երկրի իշխանությունների խնդիրն է, որ երկրի վարկանիշի բարձրացմանն ուղղված քայլեր արվեն: Այստեղ մենք առաջին հերթին պետք է ունենանք կոնկրետ առաջնահերթությունների և գերակայությունների ներդրումային ցանկ», – նկատեց Վիլեն Խաչատրյանը:
Խնդիրն, ըստ տնտեսագետի, ավելի շատ ներդրողների պաշտպանվածության և երկրում տարբեր ինստիտուցիոնալ հարցերին է վերաբերում:
«Օրինակ, պետք է սփյուռքահայ ներդրողներից ստեղծել խորհուրդ, որոնք ցանկացած պռոբլեմ, որը կառաջանա Հայաստանում, տվյալ ոլորտի պատասխանատուին անմիջապես կարողանան ասել, թե ահա այս խնդիրներն ունենք ձեր ոլորտում, գնացեք, լուծեք, որպեսզի մեր ներդրումները լինեն պաշտպանված և որևէ խնդիրներ չառաջանան: Սա ամենակարևոր հարցերից մեկն է, և նմանատիպ մեսիջ պետք է ուղարկվի, որ մենք ամեն ձևով պատրաստ ենք աջակցել ու դա պետք է անել, այլ ոչ թե լինել խոսքերի մակարդակով: Հակառակ պարագայում, միայն դատական համակարգի հիմնխնդիրները և սեփականության իրավունքի պաշտպանության հարցերը  կարող են հանգեցնել լուրջ բացթողումների: Սրանք հարցեր են, որոնք ինստիտուցիոնալ լուծումներ են պահանջում», – նկատեց Խաչատրյանը:
Տնտեսագետն ասաց նաև, թե միայն ասելով չեն դառնում ֆինանսական կենտրոն. «Այդպես չի լինում, ֆինանսական կենտրոնի վերածվում են, ներդրումներ ներգրավվող երկրի վերածվում են՝ ամբողջ ներդրումային միջավայրում ստեղծելով այն հարմարավետ պայմանները, որ ցանկացած ընկերություն իրեն լիարժեք զգա»:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ երկրներ և Իրան տանող ուղու վրա գտնվող կառուցվածքային պլատֆորմին, ապա, ըստ տնտեսագետի՝ բնականաբար, Հայաստանը շանսեր ունի, բայց, այնուամենայնիվ, նրա խոսքով՝այդ նույն Ռուսաստանն է պայքարում ներդրողների համար. «Եթե ներդրողը պետք է ներդրում անի, հետո շատ մեծ դժվարություններով այդ նույն ապրանքը հասցնի Ռուսաստան, ապա ներդրում կանի Ռուսաստանում»:
Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ այստեղ հարց է առաջանում, թե ինչ լրացուցիչ առավելություններ է առաջարկում Հայաստանը:
«Սրանք մի շարք հարցեր են, որ ներդրողները մինչ ներդրում անելը տալու են: Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ ներդրողի համար նպաստավոր լինի, հակառակ պարագայում գործընթացներն այլ ուղղություն են ցույց տալիս, իսկ նպատակներն այլ են», – ասաց Խաչատրյանը:
Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •