Հայաստանն առաջատար է գնանկման ցուցանիշով

timthumb-26

Գնանկման ցածր մակարդակով այս տարի Հայաստանը գերազանցել է բոլոր սպասելիքները. այդ ցուցանիշով հետ է թողել Եվրամիության, ԱՊՀ, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին։
Եվրոստատի, ազգային վիճակագրական ծառայությունների, ինչպես նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների հիման վրա վիճակագրական ծառայությունը կազմել է մի տեղեկանք գնաճի վերաբերյալ։ Փաստաթղթում ընդգրկված չորս տասնյակ երկրների շարքում ընդգծված առաջատարը Հայաստանն է՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշով։

Տարեսկզբի ութ ամիսներին Հայաստանում արձանագրվել է 3,8 տոկոս գնանկում։ Դրան մի փոքր մոտ է միայն Ղրղըզստանը, որտեղ գնանկումը կազմել է 2,7 տոկոս։ Մոլդովայում սպառողական ապրանքներն էժանացել են 1,3 տոկոսով։

Եվրամիության 28 երկրներից գնանկում է դիտարկվել միայն վեցում։
Եվրամիությունում գնանկման ցուցանիշով առաջինը Իտալիան է։ Տարեսկզբի ութ ամիսներին այստեղ սպառողական ապրանքներն էժանացել են 1,8 տոկոսով։ Մյուս բոլոր 5 երկրներում գնանկումը չի գերազանցում մեկ տոկոսի սահմանը։ ԵՄ երկրներից գնանկում է գրանցվել Ավստրիայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Ռումինիայում եւ Սլովակիայում։

Եվրամիության մյուս բոլոր երկրներում գնաճը եղել է խիստ չափավոր. հիմնականում 1 տոկոսից ցածր։ Բացառություն են կազմել միայն Էստոնիան եւ Չեխիան։ Առաջինում գնաճը եղել է 2,5, երկրորդում՝ 1,4 տոկոսի շրջանակներում։

Հայաստանի եւ Ղրղըզստանից բացի, ԱՊՀ եւ ԵԱՏՄ անդամ որեւէ այլ երկրում այս տարի գնանկում չի գրանցվել։ Հակառակը, տեղի է ունեցել սպառողական ապրանքների գների աճ։
Բարձր գնաճ է արձանագրվել Բելառուսում։ Տարեսկզբի ութ ամիսներին սպառողական ապրանքներն այստեղ թանկացել են միջին հաշվով 7,6 տոկոսով։ Սա գնաճի ամենաբարձր ցուցանիշն է ոչ միայն ԵԱՏՄ, այլեւ Եվրամիության, ԱՊՀ եւ ցանկում ընդգրկված բոլոր 41 երկրների շարքում։

Գնաճային դրսեւորումները ակտիվ են եղել նաեւ Եվրասիական տնտեսական տարածքի մյուս երկրներում (Ղազախստանում՝ 5,4 տոկոս)։

Նկատելի է գնաճի տեմպի որոշակի դանդաղում Ռուսաստանում։ Նախորդ երկու տարիների կտրուկ դրսեւորումներից հետո գնաճային ճնշումը ռուսական շուկայում զգալիորեն թուլացել է։ Այս տարի սպառողական ապրանքների թանկացումը նույնիսկ մի փոքր ցածր է 4 տոկոսից։ Հիշեցնենք, որ վերջին երկու տարում Ռուսաստանում արձանագրվեց երկնիշ գնաճ։
Անկասկած գնաճի մեղմացման հարցում կարեւոր դեր է կատարել հատկապես ռուսական ռուբլու կայունացումը։ Ավելին՝ տարեսկզբի համեմատ այն նույնիսկ զգալիորեն արժեւորվել է։ Այժմ դոլարի փոխարժեքը ռուսական շուկայում տատանվում է 62¬63 ռուբլու միջակայքում։ Մինչդեռ տարեսկզբին մի պահ հասել էր մինչեւ 77 ռուբլու։

Տարածաշրջանի երկրներից գնաճը համեմատաբար ակտիվ է եղել մասնավորապես Թուրքիայում, որտեղ մոտենում է 4,5 տոկոսի։ Փոխարենը՝ քիչ թե շատ էական դրսեւորումներ չկան վրացական շուկայում։ Սպառողական ապրանքների գները հիմնականում պահպանել են կայունությունը։

Հեղինակ՝ Ն. Սարգսյան

 

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •