Sunday, 22/1/2017 | 10:14 UTC+0

Գնա այնտեղ, չգիտեմ որտեղ

Գտիր այն, չգիտեմ ինչը

Օրերս վիճակվեց ծանոթանալ հայրենի մտավորականության մի հարգարժան ներկայացուցչի բավական հետաքրքիր մտքին։
Էությունը հետեւյալն է. այ, մեզանում անցկացվում են ե՛ւ քաղաքական, ե՛ւ կառավարման համակարգերի արմատական բարեփոխումներ, բայց չկա ամենագլխավորը՝ ազգային գաղափարը։ Իսկ առանց դրա ոչինչ չի ստացվի, քանզի անհասկանալի է, թե ինչու է այս ամենն արվում, եւ ուր ենք մենք գնում։ Հետեւաբար առաջին հերթին պետք է որոնել ազգային գաղափար։
Ազգային գաղափարը, դատելով նրանից, թե որքան են այդ մասին խոսում բոլոր ժամանակներում ու բոլոր ժողովուրդները, Գրաալն է։ Գավա՞թն է արդյոք այդ Գրաալը, որի մեջ հավաքել են Փրկչի ոչ այն է՝ արյունը, ոչ այն է՝ արցունքները, թե՞ հռոմեացի լեգեոների նիզակը, որով խոցել են Քրիստոսին, ի վերջո բոլորովին կարեւոր չէ։
Եթե ոմանք հիշում են, վաղ միջնադարյան քրիստոնեական ավանդույթում այդ առնչությամբ կատարյալ խառնաշփոթ էր տիրում։ Ինչի մասին համաշխարհային գրականության մեջ շատ է գրվել։
Նա, ում ինչ-որ պատճառով դուր չի գալիս խորհրդանիշի կարգավիճակում Գրաալը, որը պետք է փնտրել՝ երբեք չհասնելով, կարող է ազգային գաղափարը համարել մեծ Մանիտուի խաղաղության չիբուխ։ Կամ Ուխտի տապանակ։ Դե, թեկուզ սրբազան սպիտակ փիղ։
Իսկ համաձայն գրական ավանդույթի, Գրաալը չափազանց արժեքավոր, հայտնի չէ՝ որտեղ եւ հայտնի չէ՝ ում կողմից թաքցված ինչ-որ բան է։ Եվ գլխավոր գործը՝ սեփական անձի, շրջապատի եւ գալիք սերունդների ընթացիկ ու ապագա ծաղկման համար, այդ Գրաալը գտնելն է։ Լա՞վ է։ Մանկական եւ պատանեկան տարիքի համար ի՛սկն է։ Դե, եւ համակարգչային խաղի համար էլ հարմար կլինի։ Ոչ ամենաբարդ, զարգացնող խաղի։
Մարդկությունն ընդհանրապես սիրում է խաղալ այդպիսի խաղեր։ Գնա այնտեղ, չգիտեմ որտեղ, գտիր այն, չգիտեմ ինչը. սա հենց ազգային գաղափարի մասին է։ Ալադինի գանձը։ Կամ Ալի Բաբայի։ Բայց չէ՞ որ փնտրո՛ւմ են։
Այդ թվում՝ նաեւ ոչ հիմար եւ չափազանց զբաղված մարդիկ։ Ինչպես նաեւ պատասխանատու, պետական անձինք։ Որոնց մեջ նույնպես հանդիպում են ոչ հիմարներ ու չափազանց զբաղվածներ։
Ոչ մեկն իրեն հարց չի տալիս, որ եթե գտնեն դա՝ որպես պատուհաս սեփական եւ շրջապատի գլխին, հանկարծ կարող է պարզվել. համընդհանուր երջանկության համար իրենց եւ մերձավորներին, համաձայն այդ գաղափարի, անհրաժեշտ է, ասենք, գնդակահարել։ Շտապ եւ անդառնալիորեն։
Ինչպես նախահեղափոխական այն մտավորականությանը, որն անկեղծորեն ու մեծաթիվ զոհերով աղոթում էր հեղափոխության համար ու սպասում նեխած ռեժիմի տապալմանը։ Իսկ երբ սպասումներն իրականացան… Բայց եկեք չխոսենք տխուր բաների մասին։
Աշխարհի բազմաթիվ երկրներում ազգային գաղափարի բացակայությամբ սաստիկ մտահոգ վերին ղեկավարությունը կարգադրում է առավել խելացի պալատականներին գլուխ հանել եւ տվյալ գաղափարը գտնել։ Քանզի ոչ այն է՝ վաղ երիտասարդության տարիներին ինչ-որ մեկը համառորեն ներշնչել է իրեն, որ առանց ժողովրդին միավորող գաղափարի երկրի վերջն անպայման կգա։ Ոչ այն է՝ նա ինքն է, օրգանիզմի հասունացմանը զուգընթաց, հանգել նման մտքի։
Եվ հասնելով այն պահին, երբ համաձայն իր ծառայողական դիրքի՝ արդեն ունի հպատակներ, որոնց կարող է ուղարկել որոնումների, եւ կարելի է ուղարկել ուր ասես, ուղարկում է։

Հեղինակ՝ Վարդան Բարսեղյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 8-ի համարում

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  

POST YOUR COMMENTS

Your email address will not be published. Required fields are marked *