Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցնե՞րն են դաժան ծեծի ենթարկել Արտյոմ Խաչատրյանին

default

Shame.am կայքի խմբագիր, Քաղաքական հետազոտությունների կենտրոն ՍՊԸ տնօրեն Արտյոմ Խաչատրյանը հոկտեմբերի 5-ին Երեւանի ռեստորաններից մեկում դաժան ծեծի է ենթարկվել: Արտյոմ Խաչատրյանը` NEWS.am-ի հետ զրույցում պնդեց, որ իրեն ծեծի են ենթարկել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցները:

Արտյոմ Խաչատրյանը նշեց, որ Տիգրան Ուրիխանյանը ներկա է եղել եւ դոնի պես հետեւել է, թե ինչպես է 15 հոգանոց բանդան դաժան ծեծի ենթարկում իրեն: Ասաց, որ գլխին, դեմքին, վնասվածքներ, սալջարդեր կան:

Նշեց, որ սկզբում մտադրություն չի ունեցել դիմել իրավապահներին, սակայն հրապարակումներից հետո պատրաստվում է գլխավոր դատախազին դիմում գրել:

«Ես հայ տղամարդ եմ, չեմ ներում տենց բաներ, ինքը էն մարդը չի, որ ես էն աշխարհի մարդկանցով իր հարցերը լուծեմ, ստիպված պիտի գլխավոր դատախազին դիմում գրեմ տեղի ունեցածի մասին: Հազար հատ կամերա կար, բան կար, ամեն ինչ էլ նկարած ա… ինքը դոնի պես նստած էր, իրանք էլ ծեծում էին»:

Արտյոմ Խաչատրյանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Իրեն մոտեցել է իր ծանոթներից մեկը, որը «Ալյանսի» անդամ է և առաջարկել է գնալ խմելու, ինչին համաձայնել է:  Գնացել են ռեստորան, որտեղ եղել են մոտ 15 հոգի: Ուրիխանյանը նույնպես այնտեղ է եղել: Ուրիխանյանը պահանջել է ջնջել կայքից իր մասին գրված նյութերը, որի դիմաց ինքն էլ կվերցնի Արտյոմ Խաչատրյանի դեմ դատական հայցը: Ըստ Արտյոմ Խաչատրյանի` ինքը չի համաձայնել Ուրիխանյանի պայմաններին, որից հետո սկսվել է ծեծը: Արտյոմ Խաչատրյանը կորցրել է գիտակցությունը, որից հետո իրեն տեղափոխել են «Տոսկանա» անունով մի հաստատություն, որտեղ նա մնացել է երկու օր: Իր բնակարան է տեղափոխվել ընկերոջ օգնությամբ:

Նշենք, որ նույն օրը Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց հնչեցրեց Արտյոմ Խաչատրյանին գյուղատնտեսական վարկ տալու մասին:

Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում ասաց` մեկ անգամ է հանդիպում ունեցել Արտյոմ Խաչատրյանի հետ, բայց թե որ օրը` չնշեց.

«Ինչ է նշանակում բանդա, վստահ եմ, որ որեւէ մեկը չի հավատում դրան, երկրորդ, այո, ես Արտյոմ Խաչատրյանի հետ ունեցել եմ հանդիպում, հանդիպումն ամբողջությամբ տեսագրված է»,- ասաց նա, բայց չնշեց, թե կոնկրետ որ օրն են հանդիպել։

«Ինձ զրպարտելու վերջին ճիչն է, որ ես ԱԺ-ում հարց հնչեցրեցի, թե ով է պատասխան տալու Արտյոմ Խաչատրյանին` որպես լրագրողի, գյուղատնտեսական 21 միլոն դրամ վարկ տրամադրելու համար, որը չի վերադարձրել պետությանը, ես էլ հարցրել եմ` երբ է պատրաստվում վերադարձնել պետությանը»,- ասել է Ուրիխանյանը:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •