Հայ առաքելական եկեղեցին հոկտեմբերի 8-ին նշում է Թարգմանչաց տոնը

timthumb

Հայ առաքելական եկեղեցին հոկտեմբերի 8-ին նշում է Թարգմանչաց տոնը: Ինչպես  մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը, Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է:

«Թարգմանչաց տոնի ընթացքում հիշում ենք մեր հայ ժողովրդի պատմության հետ կապված եկեղեցու հայրերին` Մեսրոպ Մաշտոցին, Եղիշեին, Մովսես Խորենացիին, Դավիթ Անհաղթին Ներսես Շնորհալիին, Գրիգոր Նարեկացիին: Այն անուններն են, որոնք ոչ միայն կերտեցին հայ մշակույթը, այլև դրեցին հայի ինքնության պահպանման ամենակարևոր պայմանները: Մեզ համար շատ կարևոր է, երբ խոսում ենք գրերի գյուտից, սակայն միևնույն ժամանակ գրերի գյուտը պարզապես տառերի հայտնագործությունը չէ, դրանով դրվեց այն մշակույթի հիմքը, որի կրողը մենք ենք: Ամեն անգամ, տոնի հիշատակումով, փոր ձում ենք վերաարժևորել այն, դրան զուգահեռ կարևորելով թողած ժառանգությունն այն պայմանով, որ դրա շարունակողը պիտի լինենք յուրաքանչյուրս»,-ասաց նա:

Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ բոլոր վարդապետներն առանձին-առանձին հայ ժողովրդի պատմության կարևոր հանգրվանի կրողն են: Նրանք թողել են կարևոր պատգամ` շարունակելու անաղարտ պահել լեզուն, զարգացնելու մշակույթը` արժևորելով թողած ժառանգությունը: Նրանք, հասկանալով կրթության դերը, նշանակությունը ազգի պահպանության առումով, թողեցին մի հսկա ժառանգություն, որով ոչ միայն պետք է հպարտանալ, այլև հարստացնել այն:

«Այս իմաստով, պատահական չէ, որ Հայ առաքելական եկեղեցին հոգևոր քարոզչությանը զուգահեռ իրականացնում է կրթական ծրագրեր: Արարատյան հայրապետական թեմում մշտապես կյանքի են կոչվում տարբեր կրթական ծրագրեր: Դրանցից մեկը ծնվեց Թարգմանչաց տոնի հետ կապված: Այն է` «Կենդանի գրադարան»-ը, երբ կիրակնօրյա դպրոցի սաները դարձան կենդանի գրքեր ու հանրային վայրերում ներկայացրեցին այս կամ այն հոգևոր գրքի բովանդակությունը»,-ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նրա խոսքով, թեմում գործում է կրթադաստիարակչական կենտրոն, իրականցվում են դասընթացներ ազգային հոգևոր գիտակցության բարձրացման նպատակով: Իրականցվում է նաև «Գրաբարյան օրեր» ծրագիրը:

«Շատ կուզենք, որ այս տոնը լայն տարածում ունենա հասարակության շրջանում, բայց դա կախված է նրանից, թե որքանով է հասարակությունը հետաքրքրված: Չենք կարող ասել, որ այն այնպիսի լայն հանրային ճանաչում ունի, ինչպես Զատկի տոնը, բայց փորձում ենք տարբեր միջոցառումներ, կրթական ծրագրերով նպաստել տոնի լայն տարածմանը: Կրթական ծրագրերը նպատակ ունեն մարդկանց գիտակցությանը հասցնել այն, որ այս տոնի խորհուրդը մեզ համար անչափ կարևոր է: Այս տոնի մեջ ամփոփված է հայի ծնունդը, հայի ոգին, ինքնաճանաչումը, առաքելությունը, աղոթքը»,-հավելեց նա:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •