Հայաստանում միայն Սերժ Սարգսյանի ընտանիքն ու մերձակա շրջապատն են կարողանում փող աշխատել

img

Չեմ հասկանում, Սերժ Սարգսյանն է կտրված իրականությունից, թե՝ ես: Գնում է Նյու Յորք՝ իբր ներդրում բերելու: Մեկն հարցնող լինի էլի, ոնց է դա անելու: Ներդրում բերելն էլ հո ընտրություն չի, որ «ինչքան ուզի էդքան խփի»: Տիգրան Մուկուչյանն էլ չի կարա թիվ նկարելով իրավիճակ փոխել: Նա իհարկե հմուտ աճպարար է, բայց հրաշագործ չէ:

Իսկ իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանն ու գործող իշխանություններն այնքան վարկաբեկված են, որ որևէ գիտակից գործարար Հայաստանում չի կարող լուրջ ներդրում կատարել՝ շահույթի ակնկալիքով: Դա բնական է, քանզի շահույթ ստանալուց առաջ գործարարը պետք է համոզված լինի, որ իր գումարը գոնե չի կորցնի: Իսկ Հայաստանում չկան նման երաշխիքներ, չկան հաստատված խաղի կանոններ, համապատասխան օրենսդրություն: Հարկային օրենսգիրքն էլ վերածել են չգիտես ինչի՝ տարին մի քանի անգամ հարկերի դրույքաչափ են փոխում, նոր հարկեր ավելացնում՝ գործարարների համար լրացուցիչ խոչընդոտներ ստեղծում:

Ո՞ր մի գիտակից գործարարը կհավատա Սերժ Սարգսյանի խոսքին և այդ՝ ոչինչ չարժեցող խոսքը որպես երաշխիք ընդունելով, ներդրում կանի Հայաստանում: Հիշում եմ, դեռ 2008 թվականին, երբ Սարգսյանը նոր էր իշխանություն վերցրել մեզ ոսկե սարեր էր խոստանում, նույնիսկ ինչ-որ գործարարների անուն տալիս…բայց մարդիկ ժամանակին հասկացան, թե ինչ արժե Սերժ Սարգսյանի խոսքը ու ոչ մի ներդրում էլ չեկավ: Նախընտրական լոզունգներով ներդրում չեն բերում:

Ի՞նչ ներդրումների մասին է խոսքը, քանի կա Սաշիկ Սարգսյան: Այս երկրում միայն Սերժ Սարգսյանի ընտանիքն ու մերձակա շրջապատն են կարողանում փող աշխատել: Դե՝ աշխատել ո՞րն ա, բոլորս էլ գիտենք, թե ինչպես են Սարգսյանները հարստություն կուտակում. հարկեր – բյուջե – գրպան սխեմայով: Դա էլ մի կողմ թողնենք, Հայաստանում պարզապես հնարավոր չէ օրինական բիզնես անել, իսկ այդ արտասահմանցի և սփյուռքահայ ներդրողները սովոր չեն նրան, որ հարկերի չափը կախված է ոչ թե օրենքում գրված դրույքաչափից, այլ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հարաբերություններից, որոնք էլ իրենց հերթին կախված են Սարգսյանների «փայի» հետ կոնկրետ բիզնեսում:

Ինչ ներդրումների մասին է խոսքը, երբ տնտեսական պարզագույն ցուցանիշները թաքցվում և պահպանվում են ավելի խիստ, քան պետական գաղտնիքը:

Լավ, ինչքա՞ն կարելի է հայրենասիրությունը չարաշահելով փող մուրալ՝ ժողովրդի բարեկեցության հաշվին սեփական շռայլ կյանքն ապահովելու համար:

Իրականությունն այն է, որ ներդրումներ գրավելու համար պետք չէ, որ Սերժ Սարգսյանը գնա հասնի Ամերիկա: Ընդամենը անհրաժեշտ է քաղաքական կամք և համապատասխան գործողություններ հենց Հայաստանում: Դրանք պարզունակ քայլեր են, որոնք շատ ավելի արդյունավետ են, քան մի երկրի ղեկավարի խոսք, ով ոչմի խոստում այսքան ժամանակ չի կատարել: Սկսեք հարկային բեռի թեթևացումից, օրենքով արգելեք հարկերի ավելացում մի քանի տարով, որ գործարարը վստահ լինի վաղվա օրվա վրա, որ բանկերն էլ վստահ լինեն, և կարողանան բիզնեսին ֆինանսավորել: Այլ ոչ թե ինչպես հիմա, երբ ունենք վերաֆինանսավորման բավականին ցածր դրույքաչափ և ԱՊՀ-ում ամենաբարձր վարկային տոկոսադրույքներ:

Այսպես երկար կարելի է շարունակել, սակայն դա ոչինչ չի փոխի: Իհարկե, շատերը գիտեն, ինչպես անել, որ լավ լինի: Բայց ինչ էլ անես՝ լավ չի լինի, քանի դեռ իշխանության ղեկին Սերժ Սարգսյանն է: Նա էլ պարզունակ գոյատևման խնդիր է լուծում՝ մինչև ընտրություն մի տեղից փող բերի, կարանան յոլա գնան, մինչև որ կկարողանան հարկերը նորից ավելացնել:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •