ՀԱՊԿ նոր Գլխավոր քարտուղար է դառնալու Հայաստանի ներկայացուցիչը

imgpreview

ՀԱՊԿ-ում համաձայնեցրել են Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի օրակարգը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Դիտարկվել ու համաձայնեցվել են օրակարգի նախագծեր Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ու արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի ու ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի համար: Դրանց անցկացումը ծրագրված է հոկտեմբերի 14-ին Երեւանում»,- հայտնել է լրագրողներին ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ որոշվել է նշված փաստաթղթերի նախագծերը սահմանված կարգով ուղարկել ՀԱՊԿ անդամ պետություններին:

Նա նաեւ հայտնել է, որ դիտարկվել ու համաձայնեցվել է օրակարգի նախագիծը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 71 նստաշրջանի օրերին՝ սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների գալիք աշխատանքային հանդիպման համար:

Ավելի վաղ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը կհրապարակվի հոկտեմբերի 14-ին Երեւանում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, նոր գլխավոր քարտուղարը Հայաստանի ներկայացուցիչ է լինելու:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին իմ իրավահաջորդը կլինի Հայաստանի ներկայացուցիչը, իսկ թե կոնկրետ ով՝ հիմա ասել չեմ կարող…Նրա անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երեւանում ծրագրված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որն անցնելու է նախագահների մակարդակով»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •